ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, 2021 թվականի հունվարի 15-ին դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը, բավարարել է այն և անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը: Դատարանը բավարարել է նաև Վիրաբյանի` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջները:
Ինչպես տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից, դատարանը, քննության առնելով Ամատունի Վիրաբյանի հայցը, վճռել է.
Ամատունի Սասունիկի Վիրաբյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել:
Ամատունի Սասունիկի Վիրաբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը ճանաչել անվավեր:
Ամատունի Սասունիկի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:
Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք:
Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Սասունիկի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Այն կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
--00--ԱԹ