ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս նոյեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ էր հայտարարել, պահանջում էր քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ սահմանադրական կարգը տապալելու համար։
Բալայանի հիմնավորմամբ՝ Փաշինյանն իրավունք չունի հայտարարության հիման վրա Արցախից ու Հայաստանից տարածքներ զիջել Ադրբեջանին. հայտարարությունն իրավական ուժ չունի: Բալայանը հացադուլը դադարեցրել էր, բայց հայտարարել էր, որ ինքը շարունակելու է փաստեր հավաքել ու հրապարակային դատավարություն սկսել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Armlur.am-ը զրուցել է Կիմ Բալայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փուլում են գտնվում իր՝ հավաք իրականացնելու աշխատանքները, և ինչ արդյունք ունեն:
-Կա՞ կոնկրետ ինչ-որ բան, որ այս ժամանակահատվածում արել եք: Ձեր պահանջը շարունակո՞ւմ է նույնը մնալ: Շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
-Նույնը մնում է, իհարկե: Դրան գումարած՝ նաև փաստեր ենք հավաքում փաստահավաք խմբով՝ նրա կատարած դավաճանական արարքների վերաբերյալ։
- Ովքե՞ր են այդ խմբի ներկայացուցիչները, որոնց հետ այս պահին աշխատանքներ եք իրականացնում:
-Իրավաբաններ են, բայց անվանական չէի ուզենա ասել, որովհետև նրանց մի մասը այսօր գործող իրավաբաններ են:
-Պարո՛ն Բալայան, այս ժամանակահատվածում արդյոք հաջողվե՞լ է այդպիսի փաստեր գտնել: Ի՞նչ պրոցես է ընթանում այս պահին:
-Բավականին շատ են, բայց դրանց պաշտոնական ընթացք տալը այսօր նպատակահարմար չեմ համարում, որովհետև իրավապահ մարմինների ղեկավարները՝ գլխավոր դատախազից սկսած, իրենք են ամեն օր հանցագործություն կատարում՝ ցուցաբերելով անգործություն:
-Այսինքն՝ այդ փաստերը հավաքում եք, երբ կլինի իշխանափոխություն, այդ ժամանակ նոր պրոցես կսկսվի՞ վարչապետի դեմ։
- Հնարավոր է նաև, որ մենք հրապարակային դատավարություն սկսենք Ազատության հրապարակում:
-Ըստ Ձեզ՝ դա ե՞րբ կսկսվի, կամ ինչ-որ ժամանակահատված, երբ հստակ որոշված լինի փաստեր ներկայացնել:
-Հստակ որոշված ժամկետ չկա: Ես ավելի շուտ համոզված եմ, որ, ի վերջո, իրավապահ մարմինները խելքի կգան, և իրենք կնախաձեռնեն կալանքը:
-Այսինքն՝ Հայաստանի իրավապահ համակարգին Դուք չե՞ք վստահում:
-Զուտ իրավապահին, իհարկե, վստահելու տեղ չկա, որովհետև ամեն օր իրենք հանցագործություն են կատարում՝ անգործունեություն ցուցաբերելով:
-Ո՞ր իրավապահ համակարգին ի նկատի ունեք՝ Դատախազությո՞ւն, Ոստիկանությո՞ւն, Քննչական կոմիտե՛...
-Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն:
-Որո՞նք են այդ քայլերը: Դուք կոնկրետ ի՞նչ եք պահանջում իրավապահ համակարգից, որը չի իրականացվում:
-Հրապարակայնորեն դա ներկայացված է: Հաղորդումներ է տրված Նիկոլի հանցագործությունների վերաբերյալ՝ սկսած սահմանադրական կարգի տապալումից, մինչև պետական դավաճանություն:
֊Այսինքն՝ դա փաստերով կա. սակայն իրավապահ համակարգը որևէ քայլ չի ձեռնարկո՞ւմ:
-Իրավապահ համակարգը անօրինական ձևով քայլ չի ձեռնարկում:
-Պարո՛ն Բալայան, քանի որ այսօր (երեկ-Ս.Գ.) մեծ հանրահավաք է սպասվում Ազատության հրապարակում, արդյոք պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմությանը, Ձեր պահանջը ներկայացնել: Լինելո՞ւ եք Ազատության հրապարակում:
֊Ես միշտ էլ եղել եմ և էլի կլինեմ:
-Իսկ ընդդիմության՝ հանրահավաք իրականացնելու քայլերը ճի՞շտ եք համարում այս պահի դրությամբ: Անհնազանդության կոչեր անելու կո՞ղմ եք: Իրենք կարո՞ղ են հասնել իրենց ցանկալի նպատակին:
-Դա արդեն քաղաքական գործունեություն է: Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, ես զուտ իրավական հարցերով եմ զբաղվում»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
--00--ԱՀ