ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցը, Հայաստանն ունի 100-ից 55 միավոր և դասված է մասնակի ազատ երկրների շարքին (նախորդ տարի Հայաստանն ուներ 53 միավոր): Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, զեկույցում նշվել է, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ ներքաշելով ավտորիտար Թուրքիային, նվազեցնելով Հայաստանում բարեփոխումների հնարավորությունները և ուժի կիրառման միջոցով նպաստելով ժողովրդավարական նորմերի հետընթացին:
Ըստ զեկույցի հեղինակների՝ ղարաբաղյան պատերազմն ամրապնդեց Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությունը, այդ հակամարտությունը, սակայն, սպառնում է ապակայունացնել Հայաստանի կառավարության դիրքերը: «Հայաստանն ազատության մեջ հաջողություններ է գրանցել այն պահից ի վեր, երբ 2018 թվականին բռնկվեցին հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները, և քաղաքացիները քվեարկեցին ավելի բարեփոխիչ կառավարության օգտին»,-նշված է հոդվածում:
2018 թվականից ի վեր՝ Հայաստանը ժողովրդավար էր համարվում ավտորիտար տարածաշրջանում, սակայն պարտությունը պատերազմում բռնության ալիքի պատճառ դարձավ որոշ ընդդիմախոսների կողմից, որոնք նոյեմբերին գրոհեցին խորհրդարանը և հարձակվեցին խոսնակի վրա: Կազմակերպության զեկույցի համաձայն՝ նման անկարգությունները սպառնում են երկրի դժվարությամբ նվաճված առաջընթացին:
--00—ՄՀ