ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Այն տեսարանը, որը բոլորս տեսանք Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած «խորհրդակցության» ընթացքում իսկապես աննախադեպ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Երբեք, կրկնում եմ, երբեք Քննչական մարմնի բարձր պաշտոնյան և դատախազության բարձր պաշտոնյան այդպիսի ծայրահեղ ստորադասված կեցվածք և վերաբերմունք գործադիրի կողմից չեն ունեցել։
Օրենսդրությամբ երաշխավորված դատախազի ու քննիչի անկախության ոչնչացման տեսանկարահանված տեսարանն էր այդ ամենը, որտեղ իբրև վարչապետը կամ իբրև տուժողը նույնիսկ հանձնարարում է մարզային դատախազին ու քննիչին կատարել իր համար գործողություններ ու մի հատ էլ դուրս է հանում խորհրդակցությունից «արագ գործ» անելու համար:
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին և արժանապատիվ սյունեցիներին «ձերբակալելու» և դասական իմաստով գործ «կարելու» համար անխուսափելի է լինելու պատասխանատվությունը պատվիրատուների և կատարողների համար։ Չեմ կարող չնշել՝ երբեք այսպիսի ծավալներով չի չարաշահվել, ապօրինաբար չի կիրառվել ձերբակալման ինստիտուտը, ինչքան հենց այս ժամանակահատվածում։ Առողջական խնդիր ունեցող անձի նկատմամբ թուրքին բնորոշ վարքագիծ դրսևորող և դրանից այն աստիճան բավականություն ստացող, որ մի հատ էլ տեսագրող իրավապահ երբեք չէինք տեսել: Իսկապես սա անասելի խայտառակաություն է»,- գրել է Վարդևանյանը:
--00—ԼՄ