ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս օրը հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հնթացս Սուրբ և Անմահ Պատարագի ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով:
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
--00—ԼՄ