ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ազգությամբ հայ Վարուժան Փամբուկչյանն իր գործընկերներին պատմել է Հայոց ցեղասպանության և իր մազապուրծ ընտանիքի պատմության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռումինական «Agerpres» գործակալությունը:
Պատգամավորը նշել է, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,5 մլն հայ:
«Նրանք ունեցել են իրենց կրոնից՝ քրիստոնեությունից, մշակույթից և լեզվից հրաժարվելու ու փրկվելու հնարավորություն, սակայն շատ քչերն են արել դա»,- նշել է Փամբուչյանը:
Վարուժան Փամբուչյանը հայտնել է, որ իր ընտանիքին հաջողվել է փրկվել և բնակություն հաստատել Ռումինիայում, որտեղ էլ ծնվել է ինքը: Ռումինացի պատգամավոր Միրսիա Չելարուն ընդգծել է, որ պատմության նման մութ էջերը չի կարելի մոռանալ և մերժել դրանք:
Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը վառ պահելու վերաբերյալ ելույթներով հանդես են եկել նաև այլ պատգամավորներ:
Ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը 2021-ի ապրիլի 24-ին նշում էր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրն իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: