ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ՔՈ կուսակցությունը հայտարարություն է տարածել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ․
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է, որը պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։
Ռազմական սպառնալիքները Ադրբեջանի համար դառնում են հարաբերությունները կարգավորելու հիմնական և անընդունելի գործիք։ Սա հերթական ցուցիչն է, որ հարևան պետությունը արհամարում է միջազգային իրավունքը, իրեն դրսևորում որպես ահաբեկչական կազմավորում և վտանգում տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։
Հայաստանի կառավարությունը չպետք է ենթարկվի շանտաժի՝ միաժամանակ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով գործադրելով բոլոր հնարավոր արդյունավետ միջոցները ։
Գտնում ենք, որ այս իրավիճակում բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։
ՔՈ կուսակցության գործադիր մարմին»։
--00--ԱՀ