ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․
«Մասիս քաղաքի բնակիչներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել է Մասիս քաղաքի աղբավայրի հրդեհման հետևանքով քաղաքի և հարակից գյուղերի՝ ծխի մեջ հայտնվելու, ինչպես նաև ճանապարհամերձ հատվածում շինաղբ թափելու վերաբերյալ։
Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տարածքում ստուգայց իրականացնելու, դեպքի հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Հիշեցնենք, որ Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքով արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում: Ցանկացած տեսակի աղբը, այդ թվում և շինաղբը, պետք է թափել բացառապես դրա համար նախատեսված օրինական աղբավայրերում։
Հարգելի՛ քաղաքացիներ, աղբի փոխադրման իրականացումը պետք է կազմակերպվի` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը: Եվս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։
Մաքուր պահե՛նք մեր շրջակա միջավայրն ու չաղտոտենք բնությունը»։
--00--ԱՀ