ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Անարդար խաղաղությունը չի կարող երկարատև լինել. իսկ արդյո՞ք մինչև 2020 թ. եղած խաղաղությունն արդար էր, հաշվի առնելով, որ նոր պատերազմ եղավ: Կոմերսանտին տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.
«Դա խաղաղություն չէր, հրադադար էր: ԼՂ խնդրի շուրջ վերջնական որոշում չի ստորագրվել, իսկ գիտակցումը, որ այս իրավիճակը կարող է պատերազմի հանգեցնել, կողմերը միշտ են ունեցել: Ես դա գիտակցել եմ: Հենց այդ է պատճառը, որ իմ նախագահության տարիներին ես համանախագահներից երեք անգամ առաջարկ եմ ստացել: Կային առաջակներ ընդհանուր պետության, կարգավորման մոդելների գծով, Քի-Ուեսթում եղած առաջարկը հակամարտության արմատական լուծում էր ենթադրում, կային նաև մադրիդյան սկզբունքները, համաձայն որոնց՝ կողմերի համաձայնության դեպքում սկսվում էր հակամարտության գործնական կարգավորման ակտիվ գործընթաց»:
Քոչարյանը նշել է՝ բոլոր երեք դեպքերում հայկական կողմը համաձայնել է սկսել բանակցային գործընթացը, ապա ընդգծել՝ եթե պատերազմի վտանգ չտեսներ, նման համաձայնություն չէր տա:
«Ես իրավիճակի հավերժ սառեցման կողմնակից չէի, ուստի բարոյական իրավունք ունեմ հիմա ասել, որ խնդրի՝ չափից դուրս անարդար լուծումն ապագա պատերազմի հիմքեր է դնում»,- ասել է նա:
Երկրորդ նախագահի խոսքով՝ ներկայում ևս խաղաղության մասին պայմանագիր չկա, հակամարտությունը կարգավորված չէ:
Հարցին՝ «Սա խաղաղություն չէ՞», Քոչարյանը պատասխանել է.
«Անկասկած: Պարզապես ռուսական միջամտությունը հանգեցրել է իրավիճակի հերթական սառեցմանը, սակայն դա խաղաղություն չէ: Խաղաղության մասին մենք կարող ենք խոսել, եթե ընդունվի ԼՂ խնդրի վերջնական կարգավորման մասին համաձայնություն, և եթե այն կյանքի կոչվի: Նման համաձայնությունը կարող է ընդունվել Հայաստանի, Ադրբեջանի ու ԼՂ համաձայնության դեպքում»:
Ինչպիսի՞ համաձայնությունը կարող է լինել արդար այս դեպքում: Ո՞ր խաղաղությունը կարող է արդար լինել: Այս հարցին ի պատասխան՝ Քոչարյանը նշել է.
«Արդար խաղաղություն չի լինի, եթե ԼՂ-ում ապրող հայերի ինքնորոշման իրավունքը չհարգվի ինչ-որ սահմաններում: Սառեցված իրավիճակը կարող է փոխվել, եթե փոխվի ուժերի հարաբերակցությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքական դասավորությունները: Այդ պատճառով պետք է ձգտել խնդրի վերջնական կարգավորման և այն բանին, որ դա միջազգային իրավական փաստաթղթով պետք է ամրապնդվի»:
--00--ԱԹ