ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ծառայության մի խումբ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությամբ Արցախում գտնվող ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Մեխակ Արզումանյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել գործընկեր կառույցի ծառայողներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել ԱԻ պետական ծառայության հետ ակտիվ համագործակցության համար:
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանն Արցախում իրավիճակը կայունացնելու միջնորդական ջանքերի, խաղաղության և կայունության վերականգնման գործում ցուցաբերվող օգնության համար:
Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում համահավաք խմբի արագ արձագանքման՝ մասնավորապես, պիրոտեխնիկական, փրկարարական և հումանիտար արձագանքման խմբերին: Ձեր մասնագիտական գործունեությունը կարևոր է ամբողջ Ռուսաստանի և Արցախի համար»-նշված է եղել ՆԳ նախարարի ելույթում:
Կարեն Սարգսյանի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների:
«Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար» մեդալները և պատվոգրերը փոխանցել է ծառայության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը:
ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորել և կառավարական պարգևներ է փոխանցել նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
--00—ՄՀ