ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է
«Հայաստանի Հանրապետությունը, իր երեսնամյա անկախության ընթացքում, երբեք չի գտնվել այնպիսի ծանր ու հալածված վիճակում, որում հիմա է։
Սույն թվականի հունիսի 20-ին տեղի կունենան ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, որին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցի, ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից՝ գաղափարական պայքարի բացակայություն, հասարակության ծայրաստիճան բևեռացում, արհեստականորեն ստեղծված եւ ձայն գողացող քաղաքական ուժեր, ատելության գեներացում եւ այլն։
Քաղաքական ուժերից և ոչ մեկը չեն առաջարկում երկրի սոցիալ-տնտեսական կառուցվածքի արմատական վերափոխում սոցիալիզմի միջոցով, որի գաղափարի շուրջ հնարավոր կլիներ համախմբել ժողովրդին։
Հետևաբար երկրում գլուխ են բարձրացրել ռեակցիոն ուժերը, որոնք իրենց սին և մերկապարանոց, արհեստածին գաղափարները՝ ազգայինի շղարշի տակ փորձում են փաթաթել մարդկանց վզին։ Այդ ուժերը տանում են բացահայտ «պանթուրքիզմի» քարոզ՝ այն է աշխարհաքաղաքկան վեկտորի փոփոխություն դեպի Արեւմուտք, ԱՄՆ, ՆԱՏՕ։ Դրա հետևանքը կարող է լինել Հայաստանի Հանրապետության, որպես իրավաքաղաքական սուբյեկտի իսպառ վերացում։
Հարգելի հայրենակիցներ, ընկերներ։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը առավել քան հավատում է ձեր իրատեսությանը, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում հայ-ռուսական դարավոր բարեկամության և շահերի ճիշտ զուգորդման դեպքում է միայն հնարավոր մեր հայրենիքի վերածնունդը։
Վստահ ենք, որ մեր հասարակությունն ամբողջովին ընկալում է այս պարզ ճշմարտությունը և իր քվեարկությամբ նախապատվությունը կտա հայոց պետականության եւ անվտանգության օգտին։ Իսկ քաղաքական ուժերին կոչ ենք անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն և իրենց անձնական ամբիցիաների ու շահերի համար, մեր առանց այն էլ բզկտված ժողովրդին չտանել քաղաքացիական առճակատման։
Ողջախոհություն և տոկունություն բոլորիս»:
--00--ԱԹ