ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Արմավիրի մարզի Այգեկ համայնքի բնակիչներն ավելի քան մեկ շաբաթ զրկված են խմելու և ոռոգման ջրից: Այս մասին 24News-ին տեղեկացրին համայնքի բնակիչները:
«Խայտառակ վիճակ է: Այս շոգին համ մենք ջուր չունենք, համ էլ այգիներն էլ մնացել առանց ոռոգվել: Զանգում ենք «Վեոլա ջուր», ասում են, թե իբր խնդրից անգամ տեղյակ էլ չեն: Անելանելի վիճակում ենք՝ չգիտենք, թե ինչ անենք», - պատմեց մեր խմբագրություն զանգահարած բնակիչը: Նա նշեց, որ այգիներն ու դաշտերն արդեն չորացման վտանգի առջև են կանգնած, հնարավոր է, որ զրկվեն բերքից, որը համայնքի բնակիչների հիմնական ապրելամիջոցն է:
Հիշեցնենք, որ շաբաթ կեսօրից հետո Արմավիրի մարզի բնակիչները փակել էին Երևան տանող մայրուղին՝ պահանջելով մատակարարել ոռոգման ջուրը:
--00--ԱՀ