ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
«Հուլիսի 13-ին Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերված երկու օրական երեխան գտնվում է ծանր վիճակում»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց «Մուրացան» մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ՀԴԿ նեոնատոլոգիայի ամբիոնի ասիստենտ Հրանտ Կալենտերյանը։
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 13-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։
Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։ Երեխան տեղափոխվել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Կալենտերյանը տեղեկացրեց, որ դեռևս պարզ չէ, թե ովքեր են երեխայի ծնողները։ Երեխան ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում, հետծննդյան օգնություն չի ցուցաբերվել։
«Երկու օրական աղջիկ երեխայի քաշը 2,6 կգ է։ Երեխային պահել են ոչ ստերիլ արկղի մեջ, նրա մոտ նկատվել են ինֆեկցվածության աստիճաններ և երեխան բուժում է ստանում»,- նշեց նա։
--00--ԿԿ