ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ահազանգեց, թե արդեն մոտ 2 ժամից ավելի՝ փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:
«Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից
25-ը մարդարար, որոնցում կան երեխաներ:
ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում են, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը»:
Ավելի ուշ ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանեցին ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց.
«Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել:
Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը:
Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:
Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:
Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել:
Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:
Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»:
Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներից մեկը երեկ հաղորդել էր.
«Որոտանի տարածքում բախում է եղել ադրբեջանական ԶՈւ հետ. Ադրբեջանն ուժեր է կենտրոնացնում»:
--00--ԱԹ