ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ իր համար պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի մեծ բարեկամին: Նա նշել է, որ չափազանցված չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում և սեր է վայելում:
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին և Արցախին հետևողական կերպով աջակցելու համար:
ԱԺ նախագահը և բարոնուհի Քոքսը քննարկել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր:
Բարոնուհին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ՝ միևնույն ժամանակ հուսալով, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ:
--00—ԼՄ