ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.
«Հանդիպեցի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն հայտնեցի բարոնուհի Քոքսին մեր երկրի համար դժվար պահերին մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի անգնահատելի աշխատանք կատարելու համար:
Ներկայացրեցի տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը և մտահոգություն հայտնեցի Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ:
Նշեցի նաև, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր պարտավորությունը, ըստ որի՝ ռազմագերիները և այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալու իրենց հայրենիք:
Այս հարցում կարևորեցինք բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մեր երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերին»:
--00--ԱԹ