ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի և Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Հյուրերին ներկայացվել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Եվրոպայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը նաև գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
--00--ԱԹ