Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ադրբեջան

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի խորհրդարանում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի 2022թ․ պետբյուջեի նախագիծն, ըստ որի պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 490 մլն մանաթ (~2,6 մլրդ դոլար՝ նոյեմբերի 10-ի փոխարժեքով (1₼ = 0.59$)): Այս մասին հայտնում է Razm.info-ն:

Ընթացիկ տարվա համար նախատեսված պաշտպանական բյուջեից 2022թ․ նախատեսված բյուջեն ~2,1 տոկոսով քիչ է։ Սա միայն ընթացիկ տարվա նախատեսված բյուջեի հետ համեմատությունն է, մյուս տարվա սկզբին հասանելի կլինի նաև 2021թ․ բյուջեի կատարողականը, ըստ որի, հնարավոր է՝ 2022թ, հատկացումները գերազանցեն ընթացիկ տարվան։

Ադրբեջանի 2022թ․ պաշտպանական բյուջեն․

ազ բյուջե

Իրականում, թեպետ 2022թ․ համար նախատեսված պաշտպանական ծախսերն ընթացիկ տարվա համեմատ քիչ են, սակայն առանձին բաժիններին հատկացվող գումարները ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ նվազում են միայն «Այլ ծախսեր» բաժնի հատկացումները։ «Այլ ծախսեր» բաժնին 2017 թ. առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվեց, որի զգալի մասը, ինչպես այդ ժամանակ ենթադրել էինք, ուղղվում է զենքի գնումներին, ռազմարդյունաբերական ծախսերին: Այն ունի երկու ենթաբաժին՝ Ադրբեջանի արդյունաբերության նախարարությանը հատկացվող ծախսեր և «Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսեր», որին հատկացվող գումարներն, ամենայն հավանականությամբ, ուղղվում են ռազմական տեխնիկայի գնումներին և արդիականացմանը։

2021թ-ի նախատեսված բյուջեով զգալիորեն ավելացվել էին հենց այս բաժնի ծախսերը, ինչից ենթադրել էինք, որ Ադրբեջանում, կարծես թե, փորձելու են այս բաժնին հատկացված գումարով վերականգնել պատերազմի ընթացքում կրած զինտեխնիկայի կորուստները։ Իսկ 2022թ․ այս բաժնի համար նախատեսված հատկացումները նվազում են մոտ 30%-ով։

Թեպետ ընդհանուր բյուջեն նվազում է, սակայն բացի «Այլ ծախսեր» բաժնից, մյուս բաժինների հատկացումները 2022թ․ ավելանալու են, և նկատելիորեն ավելի շատ գումար հատկացվելու է Ադրբեջանի Սահմանապահ ծառայությանը, որը պատերազմից հետո ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքներում արդեն հասցրել է մի քանի զորամաս հիմնել։ 2022թ․ նախատեսվում է Սահմանապահ ծառայությանը 36% ավել գումար հատկացնել։

Նշենք, որ բյուջեով նախատեսված հատկացումներն առանձին ենթաբաժիններին (օրինակ՝ ՊՆ-ին կամ արդյունաբերության նախարարությանը) հայտնի կլինեն, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատի այն։ Մինչ այդ բյուջեի նախագիծը դեռ պետք է հաստատվի խորհրդարանում։

--00--ԱԹ