Մեծ ջանքեր պետք է գործադրել գոնե 2007 թվականի ցուցանիշներին հասնելու համար․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

կարտոֆիլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլոր ոլորտների անկախ փորձագետները պնդում են, որ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իսկ վերջին 1 տարում՝ առավել ևս, պարզապես կառավարման խոր ու համապարփակ ճգնաժամ է: Դա վերաբերում է նաև գյուղատնտեսությանը: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ գյուղոլորտի ցուցանիշները վերջին տարիներին բոլոր կտրվածքներով բոլոր ճյուղերում անկման դինամիկա են արձանագրում:

«Մի քանի թվեր նշեմ: Դեռևս 2014 թ. գյուղատնտեսության ոլորտում արտադրվում էր 983 մլրդ դրամի արտադրանք, իսկ 2020 թվականին 16,7 տոկոսով նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքը, այսինքն՝ վեց տարի անց 164 մլրդ դրամով պակասել է արտադրանքը: Հետաքրքիր ցուցանիշ՝ բուսաբուծության ոլորտից: Դեռևս 2007 թ. բուսաբուծության ճյուղում համախառն արտադրանքը կազմում էր 429 մլրդ դրամ: 2020 թվականին այն կազմել է 384 մլրդ դրամ, այսինքն՝ նվազել է 10,5 տոկոսով: Փաստորեն հիմա պետք է մեծ ջանքեր գործադրել գոնե 2007 թվականի ցուցանիշին հասնելու համար»,- ասում է փորձագետն ու հավելում, որ վերջին տարիներին գյուղատնտեսական հիմնական մթերքների գծով ՀՀ-ում սպառման միջին ցուցանիշները՝ մեկ շնչի հաշվով, նույնպես կրճատվել են, այսինքն՝ կարտոֆիլինը, բանջարեղենինը, հացահատիկինը, և՛ արտադրության ցուցանիշներն են կրճատվել, և՛ բնակչության մեկ շնչի հաշվով միջին սպառման ծավալները:

«Սա վկայում է այն մասին, որ բնակչությունն ավելի է աղքատանում, սնվելու խնդիրն ավելի է սրվում, շատ մարդիկ կրճատում են անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալները: Դրա մասին վկայում են վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները»,- «Փաստի» հետ զրույցում ամփոփում է Վարդան Ալեքսանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ