ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:
Ուղերձում նշված է․
«Ձերդ Գերազանցություն,
Ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և ծաղկման տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար նշանավորվի անխախտ խաղաղությամբ և նորանոր ձեռքբերումներով։
Բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները, խարսխված միջմշակութային ամուր և փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են իրենց անխաթար զարգացման ուղին։
Վստահ եմ, որ համատեղ անխոնջ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր օրակարգ ունեցող հարաբերություններին՝ կենսագործելով իրականացման փուլում գտնվող և օրակարգային նորանոր ծրագրեր՝ ի նպաստ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։