Առուշանյանը Գորիսի համայնքապետի իր գործառույթներն իրականացնում է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

հասարակական

Առուշ Առուշանյանը Գորիսի համայնքապետի իր գործառույթներն իրականացնում է, և հույս ունեմ՝ իրականացնելու է, եթե հետագայում ավելի պատասխանատու պաշտոն չստանձնի։ Այս մասին 24News-ին ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով երեկ նրա գործով կայացված դատավճռին։

Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, ի թիվս այլնի, վճռել էր Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելուց և կիրառել տուգանք աշխատավարձի 700-ապատիկի չափով։

Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, չցանկանալով այլ մանրամասներ հայտնել պաշտպանական կողմի հետագա անելիքների վերաբերյալ, ասաց, որ վերոնշյալի մասով դատավճիռը նույնպես բողոքարկելու են առաջիկայում։ «Չեմ ուզում այլ փակագծեր բացել», - եզրափակեց պաշտպանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 24News-ին ասաց, որ դատախազությունը դեռ դատական ակտն ամբողջությամբ չի ստացել։ «Երբ որ կստանա, կուսումնասիրի վճռի հիմքերը, հիմնավորումները, պատճառաբանությունները, որոշում կկայացնի բողոքարկել-չբողոքարկելու վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է Առուշանյանի՝ 5 տարի ՏԻՄ ղեկավար պատշոն զբաղեցնելուց զրկվելու հանգամանքին, ապա Աբրահամյանն ասաց, որ վերջնական, օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է լուծվի դատական ակտը կատարելու հարցը։ «Կատարման դեպքում դատարանի որոշումը պետք է կատարվի, բնականաբար պետք է զրկվի համայնքը ղեկավարելու իրավունքից 5 տարի ժամկետով։ Բայց կրկնում եմ՝ դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ մտած չէ, որոշումը նոր է կայացվել։ Կան դատավարական ժամկետներ, որոնց ընթացքում պետք է լուծվի բողոքարկման հարցը, այսինքն՝ կա՛մ դատախազությունը, կա՛մ պաշտպանական կողմը կարող է բողոք ներկայացնել վերաքննիչ դատարան, ըստ հետագա ընթացքի՝ միգուցե նաև Վճռաբեկ դատարան։ Երբ որ կոնկրետ բողոքարկման ժամկետները կավարտվեն, և դատական ակտն օրինակ ուժի մեջ կմտնի, նոր վճռի կատարման խնդիրը կառաջանա», - եզրափակեց Գոռ Աբրահամյանը։

Ապրիլի 5-ին նախատեսված Գորիսի համայնքի ավագանու հերթական նիստը կվարի հենց Առուշ Առուշանյանը։

--00--ԿԿ