ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 30-ին Քաջարան քաղաքի Խանջյան փողոցում տեղի ունեցած գողության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
«Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 30-ին, ժամը 04:40-ի սահմաններում, մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զինված, ապօրինի մուտք են գործել հիշյալ փողոցում գտնվող շինություն և փորձել գողություն կատարել այնտեղ տեղակայված բանկոմատից:
Ահազանգի հիման վրա դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնց տեսնելով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանձից մեկն ինքնաձիգից կրակոց է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են խմբի կողմից շինություն ապօրինի մուտք գործելու համար կիրառված տարբեր տեսակի տեխնիկական միջոցներ՝ աշխատանքային գործիքներ, եռակցման սարքեր, ինչպես նաև ինքնաձիգի կրակված գնդակ, պարկուճ և այլ պարագաներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սյունիքի մարզի 3 բնակիչներ:
Բայցի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ ձերբակալված անձանցից 2-ը, Քաջարան քաղաքի մեկ այլ բնակչի հետ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում տեղադրված բանկոմատից փորձել են հափշտակություն կատարել, որի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ որոշում է կայացվել հիշյալ քրեական գործերը միացնելու և համատեղ նախաքննություն իրականացնելու վերաբերյալ:
Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Վարույթ իրականացնող մարմնին է ներկայացվել «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգը, ինչպես նաև՝ «ՌԳԴ» տեսակի նռնակ: Հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
--00--ԱՀ