ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից:
Բորիս Բախշիյանը կալանավորվել է 2022 թվականի փետրվարի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, որից հետո կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը:
Քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն»: Տվյալ դեպքում ստացվում է, որ ապրիլի 27-ը օրենքով սահմանված վերջին օրն էր, որ ԱԱԾ-ն կարող էր դատավորի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնել, ինչը չի արվել:
Սա նշանակում է, որ կալանքի ժամկետը լրանալու օրը՝ մայիսի 7-ին, երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո Բախշիյանն ազատ կարձակվի:
Դատավորը մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին:
Պատշաճ ծանուցված լինելով՝ դատական նիստին մասնակցելը մեղադրյալի պարտականությունն է, դատավոր Բախշիյանը Մկրտչյանի բացակայությունը գնահատել է անհարգելի ու որոշել նրա նկատմամբ ընտրված ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը փոխել ավելի խիստ միջոցով ու նրան կալանավորելու որոշում է կայացրել:
Ըստ ԱԱԾ-ի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում Մկրտչյանի նկատմամբ ճնշում է գործադրվել, որպեսզի նախկինում տված ցուցմունքը փոխի, այսինքն՝ հրաժարվի Փարամազյանի դեմ տված ցուցմունքից: Հենց այս հանգամանքն է գնահատվում որպես ծանր հետևանք:Բախշիյանի պաշտպանները պնդում են, որ, Մկրտչյանը, ըստ էության, ցուցմունք չի փոխել, նա դատական նիստի ընթացքում նախ ցանկություն է հայտնել ցուցմունք տալու, ապա հրաժարվել է ցուցմունք տալուց, հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:
Նույն օրը տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, այսինքն՝ կալանավորելուց 14 օր անց, Բորիս Բախշիյանը որոշել է Մկրտչյանին կալանքից ազատ արձակել:
--00--ԱՀ