ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Մայիսի 6-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ներքին Շորժա գյուղի տարածքում կայծակի հարվածից զոհվել է նույն համայնքի Շատվան գյուղի բնակիչ 38 տարեկան Սուրեն Զոհրաբյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը, ահազանգը ստանալուն պես բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի։
«Դիակը մեզ մոտ տեղափոխվել է ոստիկանության աշխատակիցների եւ քննչական խմբի ուղեկցությամբ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հստակ երեւում էր մահացածի դեմքի այրվածքները, հագուստի վրա կամ մարմնի այլ մասերում այրվածքի հետքեր չկային»,-նշեց Շահեն Շահինյանը։
Նախնական տվյալներով՝ Սուրեն Զոհրաբյանը նախրապան էր եւ կայծակի հարվածի պահին Ներքին Շորժայի հանդամասում անասուններ էր արածեցնում։
--00--ՀԶ