ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Յոթի խմբի (G7) երկրները կստանձնեն պարտավորություններ մինչեւ ընթացիկ տարվա վերջը դադարեցնելու ցանկացած օգնություն հանքային վառելիքի օգտագործմամբ նախագծերին, եթե դրանցում չեն ձեռնարկվում արտանետումների կրճատման միջոցներ: Մայիսի 27-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Յոթի խմբի էներգետիկայի, կլիմայի պաշտպանության եւ շրջակա միջավայի պահպանության նախարարների համատեղ հայտարարությունը, որոնց հանդիպումը մեկնարկել է մայիսի 25-ին Բեռլինում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բացի դրանից, G7-ի երկրները կհայտնեն մինչեւ 2035 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների մեծ մասից ածխաթթվական գազի արտանետումները դադարեցնելու մտադրության մասին, ընդգծում է գործակալությունը: Յոթի խումբը տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի մեջ են մտնում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան: Հիմնական նպատակներն են գլոբալ քաղաքական եւ սոցիալական խնդիրների լուծումների որոնումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
--00--ՀԶ