ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը, շեշտելով որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից:
«Դաշտադեմի ամրոցը Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա հանգույցներից մեկն է և կառուցված է նույն սկզբունքով ինչ Անի քաղաքի պարսպապատերը։ Ամրոցի հիմնադրումը թվագրվում է 12-րդ դարին։ Ամրոցը Զաքարյանների իշխանական տոհմի վարչական կենտրոններից մեկն է հանդիսացել։
Բաբաջանյանը վարչապետի տիկնոջ հետ շրջայցի ընթացքում պատմել է նաև ամրոցում կատարված հնագիտական պեղումների և վերականգնման աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ 2015թ-ին ԱՄՆ դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվել է ծրագիր, որի շրջանակներում իրականացված լայնամասշտաբ պեղումների արդյունքում բացվել է ներքին շրջապարիսպը՝ իր 11 կիսակլոր աշտարակներով, երկու դարպասներով, ևս մեկ մոնումենտալ կառույց, որը նույնպես վերագրվում է Զաքարյանների շրջանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչը Աննա Հակոբյանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 24-ին Դաշտադեմի ամրոցում անցկացվելիք «Զարկ ֆեստ» մշակութային փառատոնին, որի շրջանակներում ներկայացվելու է տարածաշրջանում ապրող բնակիչների կենցաղն ու մշակույթը, երգն ու պարը։
Նշվում է, որ Դաշտադեմ համայնքում Աննա Հակոբյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Թալինի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, հետաքրքրվել համայնքում առկա խնդիրներից։
--00--ԱՀ