ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Ռուս խաղաղապահներն երեկվանից արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում, որն ամբողջովին ասֆալտապատ է։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։
Նրա խոսքերով՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը կգործարկվի ժամը 20:00-ից, իսկ գործող ճանապարհն արդեն կհանձնվի ադրբեջանական վերահսկողությանը։
Երեկ 24News-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի իշխանական «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասել էր, որ նոր երթուղու վրա ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է նույն Լաչինի միջանցքի տրամաբանությամբ։ Նոր երթուղու վրա նույնպես լինելու է 4 հենակետ։ «Մեկը լինելու է խաչմերուկում, որտեղից մտնում է Բերդաձորի հատված։ Մի հենակետը լինելու է Հին Շեն գյուղի մեջ, մյուսը՝ Հայաստանի սահմանին, մյուս հենակետը՝ այլընտրանքային ճանապարհի 4,7 կիլոմետրանոց հատվածի վերջում, որտեղ հատվում է Աղավնո-Տեղ գյուղերի ճանապարհահատվածը։
Այսինքն, ըստ էության, 4 կետ է գործելու։ Իսկ դրանից այն կողմ՝ դեպի Շուշիի ճանապարհին տեղակայված կետերը, շարունակելու են գործել նախկինի պես», - ասել էր քաղաքական գործիչը։