ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին:
Հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերների չեզոքացմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող բազմաթիվ հարցերի:
Նախագահը նշել է, որ իշխանությունները պետք է համբերատար լինեն ու ըմբռնումով մոտենան Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրության կողմից հնչող քննադատություններին` չնայած, որ հանրային հետաքրքրությունը հաճախ կլանում է հարցերի այնպիսի շրջանակ, որի մասին բարձրաձայնելը կամ տեղեկատվություն հրապարակելը սպառնում է ազգային անվտանգությանը, առնչվում է պետական գաղտնիքների շարքին, ի վերջո, հակադրվում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության տակտիկական մոտեցումներին:
Երկրի ղեկավարի խոսքով` ԱՀ քաղաքացիների` կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացման դրսևորումները հարգանքով են ընկալվում, սակայն նույնատիպ հարցերի վերաբերյալ հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են տարբեր կարծիքներ ու մոտեցումներ ունենալ, հետևաբար, պետությունը պարտավոր է դրանց առնչությամբ ողջամիտ և հավասարակշռված որոշումներ ընդունել:
Անդրադարձ է կատարվել նաև հանրային կյանքին առնչվող խնդիրներին, կադրային քաղաքականությանը, պետական կառավարման համակարգի թերություններին:
«Մենք բարձր ենք գնահատում հաշվետվողականությունը և ուշադրությամբ հետևում ենք հանրության կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրի: Կադրային քաղաքականության թերությունները տեսանելի են նաև մեր կողմից, և մերօրյա սուղ պայմաններում միշտ չէ, որ հաջողվում է այդ ոլորտում հաղթահարել բոլոր խնդիրները»,- մասնավորապես ասել է նախագահը:
--00—ԶՀ