ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանին երկրի Ազգային օրվա առթիվ։
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․ «Ձեր ղեկավարության ներքո Սաուդյան Արաբիան, տնտեսական և սոցիալական բարեփոխումների իր նոր դարաշրջանում, արմատական անցում է կատարում մի շարք ոլորտներում՝ առաջարկելով աճի գրավիչ հնարավորություններ օտարերկրյա և տեղական ներդրումների համար:
Ուրախ եմ, որ մենք կանգնած ենք հայ-սաուդական նոր հարաբերությունների ակունքում, և որ մեր երկու երկրները կարող են սկսել դիվանագիտական հարաբերություններ հաստատել և կառուցել փոխշահավետ գործընկերություն։
Նախորդ տարվա հոկտեմբերին Սաուդյան Արաբիա կատարած իմ այցի ընթացքում մենք Ձեզ հետ տեսակետներ և տեսլականներ փոխանակեցինք Սաուդյան Արաբիայի ապագայի և Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների վերաբերյալ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում սատարելու և աջակցելու այս ուղղություններին»։
Սաուդյան Արաբիայի Ազգային օրվա առթիվ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ-Ազիզ ալ Սաուդին։
--00—ԶՀ