ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ Կառավարության հերթական նիստին այսօր հավանության արժանացավ ՏԿԵ նախարարության նախագիծը, ըստ որի՝ 508 միլիոն 222 հազար դրամ հատկացվեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին:
Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ 2022 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կայացած թվով 7 նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր:
«Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ»,-ասաց նախարարը:
Նախագծում նշվում է, որ ՀՀ 20 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 21 ծրագրերի (որոնցից 16-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 5-ը՝ 2022-ին) գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:
--00—ԶՀ