ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Կատարի կառավարությունների միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի հունիսի 13-ին:
Կատարի Պետության Կառավարության հետ առողջապահության բնագավառում համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում բազմակողմ փոխշահավետ գործակցության հաստատման տեսանկյունից, որը կօգնի կողմերի միջև համագործակցությունը զարգացնել առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման, առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման ու փոխշահավետ ներդրումների ներգրավման, հանրային առողջության պահպանման և զարգացման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Համաձայնագրով նախատեսված Կատարի Պետություն փոխայցելությունների արդյունքում ակնկալվում է առողջապահության ոլորտի հայաստանցի մասնագետների, բժիշկների, գիտնականների, ուսանողների որակավորման բարձրացում, որը կխթանի նաև Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաև գիտակրթական ներուժի և առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացմանը։
Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության շնորհիվ երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի և բարեկամության ամրապնդմանը նպաստելու անհրաժեշտությունը` նպատակահարմար ենք գտնում 2022 թվականի հունիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի վավերացումը:
--00--ԱՀ