ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» հեղինակած «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածի համար արժանացել է ADFIAP Sustainable Awards մրցանակին տեխնոլոգիական զարգացման անվանակարգում: Այս մասին հայտնում է ԵԶԲ մամուլի ծառայությունը:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինստիտուտների զարգացման ասոցիացիայի հանդիպման ժամանակ:
«ԵԶԲ-ն միացել է ADFIAP-ին այս տարի, և մեզ համար կարևոր նշանակություն ունի այն ճանաչումը, որ ունի մեր հավելվածը: Կորոնավիրուսային համավարակի ժամանակ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց միավորել մեր երկրների առողջապահության համար պատասխանատու գերատեսչություններին՝ մեր քաղաքացիների տեղաշարժվելու ազատության խնդիրը լուծելու համար: Մեր թվային նախագիծը հնարավորություն տվեց մտցնել խաղի ընդհանուր կանոններ և բացել մեր տարածաշրջանի պետությունների սահմաններն այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում երկրները մտցնում էին մուտքի համար սեփական կանոնները», - հայտարարել է միջոցառման ժամանակ ԵԱՏՄ վարչությն նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:
«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածը Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնադրամն առաջարկեց այն ժամանակ, երբ կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրները փակել էին սահմաններն ու սահմանափակել ազատ տեղաշարժը: Այս թվային ծրագրի շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում բացվեց սկզբից Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի, ապա ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ այլ երկրների սահմանները:
--00—ԻԴ