ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կոչ են արել սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

2

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների ավելի քան 20 կոնգրեսականներ Կոնգրեսին կոչ են արել 2023 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի վերջնական տարբերակում պահպանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 1271 դրույթը: Դրույթը սահմանափակում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հնարավորությունները՝ կյանքի կոչելու Թուրքիային F-16  ինքնաթիռներ և արդիականացման սարքավորումներ փոխանցելու մտադրությունը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և նրա #NoJetsForTurkey կոալիցիոն գործընկերները վճռականորեն աջակցում են այս արշավին։

«Ամերիկահայերը միանում են Կոնգրեսի մեր ընկերներին և հույն, հինդու, քուրդ, հրեա, քրիստոնյա և այլ գործընկերներին՝ ընդգծելով Թուրքիային F-16-երի վաճառքի կամ փոխանցման խելամիտ արգելքների հրատապությունը: Դա երկիր է, որը կանոնավոր և բացահայտ կերպով տեղակայում է ԱՄՆ-ի  զենքերն ընդդեմ ամերիկյան դաշնակիցների: Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Քրիս Պապպասին՝ նման անխոհեմ վաճառքի նկատմամբ ողջամիտ սահմանափակումներ կիրառելու շուրջ լայն փոխհամաձայնություն ստեղծելու իր սկզբունքային, հզոր առաջնորդության համար», - ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Կոնգրեսական Պապպասի նամակի համահեղինակները նշում են, որ հարկավոր է համոզվել, որ ամերիկյան զենքը չօգտագործվի ՆԱՏՕ-ի ներսում ռազմատենչ գործողությունների համար:

Նամակում նշվում է, որ Թուրքիան իր F-16 կործանիչները բազմիցս օգտագործել է Հունաստանի ինքնիշխանությունն ու օդային տարածքը խախտելու համար՝ կասկածի տակ դնելով Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությունը:

Հուլիսին 1271 դրույթի քննարկման ժամանակ Հայ դատի հանձնախումբը և #NoJetsForTurkey կոալիցիան քարոզչական գործունեություն էին իրականացնում: Բանաձևին կողմ է արտահայտվել 244, դեմ՝ 179 կոնգրեսական:

--00—ԻԴ