ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու հարցով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջնորդությամբ դեռևս բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Իսկ թե ինչու են ադրբեջանցիները փակել մայրուղին, Ավանեսյանն ասաց, որ դեռևս պարզ չէ։ «Ինչ-որ բնապահպանական խնդիր են առաջ բերում։ Հուսամ՝ առանց իրավիճակը սրելու կհաջողվի հարթել այս միջադեպը», - ասաց Ավանեսյանը։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ», - նշվում էր հաղորդագրության մեջ:
Լուսինե Ավանեսյանը նշեց, թե տեղյակ չէ, թե ադրբեջանցիները որտեղով են եկել, ինչպես են եկել, համենայնդեպս, իրենք այդ ճանապարհին են միշտ։
24News-ի հարցին՝ ճանապարհը փակած ադրեբջանցիները զենքերո՞վ են եղել, Ավանեսյանը, այլ մանրամասներ չհայտնելով, պատասխանեց, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քաղաքացիական հագուստով են եղել։
--00--ԶՀ