ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոփը և Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփը, դեկտեմբերի 8-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրանց ներկայացվել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Քրիստիան Հաասեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
--00—ՅՄ