ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Գրիպի համաճարակների հետևանքով տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք, արձանագրվում է 650.000 մահվան դեպք, որից 72 000-ը՝ Եվրոպական տարածաշրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Գիտական տվյալները փաստում են, որ պատվաստումը, ինչպես հիվանդության, այնպես էլ ծանր ընթացքի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է, որը հաջողությամբ կիրառվում է արդեն մի քանի տասնամյակ:
Մասնավորապես, ապացուցված է, որ գրիպի դեմ պատվաստման արդյունքում, նվազում են բժշկի մոտ այցելությունների հաճախականությունը, նպաստում է հիվանդության համեմատաբար թեթև ընթացքին, կրճատվում է հոսպիտալացումների թիվը և նվազագույնի հասցվում հիվանդացության պատճառով մահվան ելքերը:
Պատվաստումների դրական ազդեցությունները թվային տեսքով արտացոլվում են բազմաթիվ ուսումնասիրություններում և հետազոտություններում, օրինակ՝ պատվաստված մեծահասակն պացիենտների շրջանում ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելու հավանականությունը 26%-ով ավելի ցածր է, իսկ գրիպից մահանալունը՝ 31%-ով՝ համեմատած չպատվաստվածների հետ:
Պատվաստումներն արդյունավետ են նաև երեխաների շրջանում:
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` ԱՄՆ-ում արված հետազոտությունները վկայում են, որ գրիպի դեմ պատվաստված երեխաների մոտ ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելու հավանականությունը ցածր է 74%-ով, հոսպիատալացումների թիվը՝ 41%-ով, իսկ գրիպի կապակցությամբ տրված շտապ օգնության կանչերը՝ 50%-ով, հատկապես 6 ամսականից մինչև 17 տարեկան երեխաների շրջանում:
Պատվաստումը կարևոր է հատկապես ռիսկային խմբերում գտնվող մարդկանց համար, մասնավորապես՝ երեխաների, տարեցների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցողների, բուժաշխատողների և մի շարք այլ քաղաքացիների համար:
Հայաստանում պատվաստումներն հաջողությամբ կիրառվում են դեռևս խորհրդային տարիներից և այսօր ևս ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներն իրավունք ունեն ամեն տարի անվճար հիմունքներով պատվաստվել սեզոնային գրիպի դեմ: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ առողջության առաջնային պահպանման օղակի ձեր բուժաշխատողներից:
Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ամեն տարի ապահովվում են սեզոնային գրիպի պատվաստանյութով: ԵՊԲՀ ենթակայությամբ գործող «Մուրացան» և «Հերացի» պոլիկլինիկաներում, ինչպես ամեն տարի, այս տարի էլ հոկտեմբերից սկսած իրականացվում է բնակչության պատվաստումների գործընթաց, որի արդյունքում այս տարվա հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Մուրացան» և «Հերացի» պոլիկլինիկաներում կատարվել է շուրջ 1250 պատվաստում:
Կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի, այդ թվում` իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը շարունակում են մնալ առողջապահության ոլորտի արդիական հիմնախնդիրներից և քանի որ ոլորտի հիմքը և գլխավոր արժեքը հանրային առողջությունն է, ուստի պատվաստումների իրականացումն ուղղված է հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը, իսկ գլխավոր նպատակն է պատվաստումների միջոցով կանխարգելել, վերահսկել, վերացնել հիվանդությունները, պահպանելն, ինչպես անհատի, այնպես էլ հանրության առողջությունը»:
--00—ՅՄ