ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում հավանություն տվեց Արմեն Նուրբեկյանի թեկնածությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նուրբեկյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Նուրբեկյանի թեկնածության և Ազգային ժողովում այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկմանը հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հայտնեց, որ թափուր տեղի համար ԱԺ խմբակցություններն իրավունք ունեին առաջարկներ ներկայացնելու, բայց առաջադրվել է մեկ թեկնածու, ՔՊ-ի կողմից ներկայացվել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց Գևորգ Պապոյանը:
Նուրբեկյանը 2020 թվականից զբաղեցնում է ԿԲ-ի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնները:
Թեկնածուն առավել քան ակնհայտ համարեց, որ տնտեսական շոկերը, անկայունությունները թե աշխարհում, թե Հայաստանում չեն թուլանում: Նա այս առումով կարևորեց ԿԲ-ի դերը՝ այդ շոկերի պայմաններում կայունություն ապահովելու առումով:
Քանի որ հատկապես այսօրվա իրավիճակում ապագան ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, Նուրբեկյանի կարծիքով՝ հարցերին և խնդիրներին սցենարային մոտենալուն այլընտրանք չկա:
--00—ԶՀ