ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է «Արմենպրեսը»:
«Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։
Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես արդեն ասացի, էներգետիկ ենթակառուցվածքներում խափանումները կարող են մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։
Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, իսկ դրա ճանապարհը բանակցություններն են»,- հայտարարել է Պատելը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը հավատո՞ւմ է, որ մինչև տարեվերջ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիր՝ Պետդեպի փոխխոսնակը խուսափել է խոսել ժամկետներից։
«Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, պետքարտուղարը մեծապես հետաքրքրված է և շատ մեծ ուշադրություն է հատկացնում, պետդեպարտամենտի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ևս: Այս հարցում մենք շարունակելու ենք խորապես ներգրավված լինել ու հասնել եզրափակիչ գծին»,- ասել է Վեդանտ Պատելը։
--00—ԼՄ