ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է մնում այն կապակցությամբ, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ լինել առևտրային, մարդասիրական և մասնավոր ավտոմեքենաների համար: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստից առաջ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ նոր բան կարող է ասել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պաշտոնական Վաշինգտոնի ձեռնարկած քայլերի մասին:
«Ես Նյու Յորքի գործընկերներին կթողնեմ խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին, բայց դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ներկայացնելու է Միացյալ Նահանգները և մասնակցելու է նիստին որպես օգոստոս ամսվա նախագահող»,-ասել է Պատելը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները «նվիրված է մնում Հարավային Կովկասում խաղաղ և բարգավաճ ապագային նպաստելուն ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ տարածաշրջանում՝ դաշնակիցների, ինչպես նաև այդ հարցով գործընկերների հետ»:
--00—ՅՄ