ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ ներառել օրենքում։
Օրենքն ընդունվելու դեպքում Կառավարությունը կարող է արգելափակել սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածներ, այն ամենը, ինչ կապված է համացանցի հետ և կարող է համարվել սպառնալիք ռազմական դրության իրավական ռեժիմին։
«Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովում»,- նշվում է նախագծում։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։ Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը կղեկավարի վարչապետը:
Գերատեսչությունը նշում է, որ ռազմական դրություն հայտարարելու նպատակն է ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել ՀՀ վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում։
Մանրամասները՝ այստեղ:
--00—ԼՄ