ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Ադրբեջանը երկրորդ հայցն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) համաձայն հրատապ միջոցներ ձեռնարկելու համար»։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են.
«Մասնավորապես, նոր ապացույցներ կան Հայաստանի կողմից 2021 թվականից Ադրբեջանի տարածքում ականների, տներում պայթուցիկ թակարդների տեղադրման մասին։ Սա խոչընդոտում է 30 տարի առաջ հայկական օկուպացիայի հետևանքով հայրենի հողերից վտարված ներքին տեղահանվածների՝ իրենց տներ վերադառնալուն։
Հայկական կողմը, կոպտորեն խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները, շարունակեց ռազմական սադրանքները, և 2022 թվականի օգոստոսից ի վեր Ադրբեջանում 2021 թվականին հայկական արտադրության ավելի քան 2700 ական է հայտնաբերվել։
Կան ապացույցներ, որ ականները Հայաստանի կողմից կիրառվել են ռազմական գործողությունների դադարեցման, Ադրբեջանի տարածքից իր ուժերի դուրսբերման և Ադրբեջանի ներքին տեղահանվածներին տարածքներ վերադարձնելու մասին Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Այդ ականների կեսից ավելին հայտնաբերվել է քաղաքացիական տարածքներում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ «ի լրումն այդ ականների և այլ զինատեսակների տեղափոխման համար Հայաստանը բացահայտ օգտագործում է Լաչինի ճանապարհը, որը նախատեսված է բացառապես մարդասիրական նպատակներով։
Ականների տեղադրումը ոչ միայն վտանգ է ներկայացնում խաղաղ բնակիչների կյանքի համար, այլ նաև սադրանք՝ վտանգելով խաղաղ համաձայնագրի ստորագրումը, որին Ադրբեջանը հավատարիմ է մնում։
Ընդամենը երեք շաբաթ առաջ Քելբաջարի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 ադրբեջանցի, այդ թվում՝ չորս խաղաղ բնակիչ, ովքեր մասնակցել են վերականգնման աշխատանքներին, մեկը մահացել է։
«Ադրբեջանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ նպատակ ունենալով Հայաստանի կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու տարածքների արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման, քաղաքացիական տարածքների ականներով և այլ պայթուցիկներով աղտոտումը դադարեցնելու և այդ նպատակների համար Լաչինի ճանապարհն օգտագործելու համար։
Ադրբեջանական կողմը կշարունակի ջանքերը՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների խախտման համար»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
--00—ՅՄ