ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այտալայի և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի դեմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը:
«2023 թ. փետրվարի 22-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանը քրեական հետաքննության շրջանակներում միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի II Նախաքննական պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ձերբակալելու հրաման ստանալու համար։ Այս միջնորդության հիման վրա Միջազգային քրեական դատարանի վերոնշյալ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին և ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարին ձերբակալելու անօրինական որոշումներ են կայացրել», - նշված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Ըստ գերատեսչության՝ քրեական հետապնդումն անօրինական բնույթ է կրում, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:
ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման հրամանը գործելու է մինչև նրանց կյանքի վերջը:
--00—ԶՀ