ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Եթե Ադրբեջանը չկատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը, Եվրոպայի խորհրդում իր պարտավորությունները, ապա կարող են պատժամիջոցներ լինել, սառեցվել կամ դադարեցվել նրա անդամակցությունը ԵԽ-ին։ Այս մասին 24News-ին ասաց փաստաբան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի հրատապ ծանուցմանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին։
Ծանուցման նպատակն է, որպեսզի ԵԽ Նախարարների կոմիտեն վերահսկի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին ՄԻԵԴ-ի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումն Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը։
Փաստաբան Արտակ Զեյնալյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով՝ Ադրբեջանը ստանձնել է պատրավորութուններ, նախապայմանով է ընդունվել ԵԽ, և եթե չկատարի դրանք, ապա պատժամիջոցներ կարող են լինել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին՝ արդյոք Եվրոպական հանձնաժողովի և Ադրբեջանի միջև կնքված էներգետիկ համաձայնագիրը, քաղաքական կոմպոնենտը չեն խոչընդոտի Բաքվի կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը, ապա Զեյնալյանն ասաց, որ միայն Եվրոպան չէ, որ ադրբեջանական գազի, նավթի կարիքն ունի․ «Ադրբեջանն էլ եվրոպական շուկայի կարիքն ունի։ Բացի այդ, այդ հարաբերությունների մեջ թաքնված, ծպտյալ կողմ է նաև Ռուսաստանը, որից կախվածության մեջ է նաև Ադրբեջանը։ Եթե Ադրբեջանը որպես հակընդդեմ պատիժ գազ, նավթ չվաճառի, ապա ի՞նչ է անելու»։
«Այսինքն՝ միայն Եվրոպան չէ, որ կախված է Ադրբեջանից, և կարող է աչք փակել ստեղծված իրավիճակի վրա։ Եվրոպայի խորհուրդը, եվրոպական երկրները միջազգային շատ լուրջ գործոն են, շատ լուրջ ուժ են, աշխարհակարգի պահապաններն են։ Այն աշխարհակարգի, որը հաստատված է Միավորված ազգերի կազմակերպության և միջազգային իրավունքի սկզբուքներով և նորմերով»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը։ Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը:
Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները` ուղղված ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»: Եվրոպական դատարանը երեկ մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը: Արտակ Զեյնալյանի խոսքերով, քանի որ, ըստ Ադրբեջանի, միջանցքով տեղաշարժն ապահովելու պահանջը կատարված է, դրա համար էր Բաքուն դիմել, որ այդ հրատապ միջոցը վերացվի։ «Սակայն Եվրոպական դատարանը գտել է, որ ոչ, որ այդ պահանջը ակտուալ է, այդ հրատապ միջոցը պահպանելը դեռևս այժմեական է, և չի վերացրել այդ միջոցը»,- պարզաբանեց ՀՀ արդարադատության նախկին նախարարը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԶՀ