Ատեստավորում անցած ոստիկանները կստանան հավելավճար, որը կպահպանվի 5,5 տարի․ նոր նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ոստիկանություն

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառա­յության պաշ­տոններ զբա­ղեց­նող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփո­խու­թյուն կա­տ­արելու մասին» օրենք­ների նա­խա­գծերի ընդու­նու­մը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շա­հագրգռվա­ծու­թյունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատ­րաստ­վա­ծություն ապա­հո­վե­լու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտա­հոս­քը կանխելու անհրա­ժեշտությամբ:

Հիմնավորման մեջ գրվում է․

«Առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառա­յող­նե­րի ատես­տա­­վոր­ման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավե­լավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հա­վե­լա­վճարի չա­փե­րը և վճար­ման կարգը կսահ­ման­վեն Կա­ռա­վարության որոշ­մամբ:

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետևյալ հայեցակարգային դրույթների հիման վրա:

1. Ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի ապրիլ ամսից:

2. Ատեստավորման ծրագրի գործողության ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:

3. Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից /նաև ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ոստիկանական հաստիք զբաղեցնող ծառայողները/:

4. Առաջին անգամ ատեստավորում անցնող ծառայողների համար վերապատրաստում անցնելու պահանջ կամ հնարավորություն չի նախատեսվելու, բացառությամբ առանձին դեպքերի:

5. Ատեստավորման գործընթացի համար պատասխանատու ծառայության կողմից ատեստավորման անցկացման ժամանակացույցերը կազմվում են այն հաշվարկով, որպեսզի նույն փուլով ատեստավորվող, կոնկրետ ստորաբաժման (ծառայության) ծառայողների թիվը չգերազանցի համալրված ծառայողների մեկ երրորդը՝ աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով:

6. Ծառայողների՝ ատեստավորմանը մասնակցելու հերթականությունը որոշվելու է անվան և ազգանվան այբբենական հաջորդականությունից ելնելով: Անհրաժեշտության դեպքում կարող են սահմանվել հերթականության որոշման այլ չափորոշիչներ:

7. Պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգը և պայմանները կարող են լինել տարբերակված:

8. Ատեստավորման ընթացքում ստուգվելու և գնահատվելու են վերոնշված ծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական հմտությունները ու մասնագիտական պիտանելիությունը (համակարգչային թեստավորման միջոցով), ինչպես նաև ֆիզիկական և կրակային պատրաստականության վիճակը (համապատասխան նորմատիվային վարժությունների կատարման միջոցով):

9. Մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր և մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածության:

10. Հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր հարցի համար համակարգչային ծրագիրն առաջարկելու է ճիշտ պատասխանին հնարավորինս մոտ երեք սխալ և մեկ ճիշտ պատասխանի տարբերակ, լինելու են նաև իրավիճակային խնդիրներ:

11. Նախքան ատեստավորման անցկացումը ծառայողին տրամադրվելու է այն իրավական ակտերի ցանկը, որից կազմվել են ատեստավորման հարցերը:

12. Ատեստավորման դիմելու համար ծառայության ստաժի սահմանափակում չի նախատեսվելու:

13. Կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաև ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար:

14. Ոստիկանությունում ձևավորվելու են ատեստավորումներն անցկացնող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվելու են երեք խումբ անդամներ՝ մասնագիտական /այդ թվում՝ բարեվարքության/ գիտելիքների ստուգումն ապահովող, ֆիզիկական պատրաստականության վիճակի ստուգումն ապահովող, ինչպես նաև կրակային պատրաստականության ստուգումն ապահովող:

15. Ատեստավորումը չհաղթահարած ծառայողին, ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետում, տրվելու է վերաատեստավորման հնարավորություն:

16. Ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետի ընթացքում ատեստավորման համար չդիմելու /ատեստացիա չանցնելու/, ինչպես նաև ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով՝ ենթակա են Ոստիկանությունում ծառայությունից ազատման:

17. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 5 տարի 6 ամիս՝ բացառությամբ պաշտոնեական առաջխաղացմամբ, ինչպես նաև ծառայության բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր պաշտոնի նշանակման, որի դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման և ատետավորման: Ատեստավորվելու օրվանից 4 տարին լրանալուց հետո ծառայողը կրկին ձեռք է բերում ատեստավորվելու համար դիմելու իրավունք, որը պետք է իրացնի առաջին ատեստավորման օրվանից սկսած 5 տարի 6 ամիս ժամկետում:

Ինչ վերաբերում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վար­­­ձատ­րության մասին» օրենքում առաջարկվող լրացումներին ու փոփոխությանը, ապա դրանք բխում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրա­վա­­կար­­գա­վորումներից»:   

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ