ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը ֆեսբուքյան իր էջում գրառման միջոցով կոչ է արել Հայաստանում կարմրուկի դեպքերի վերաբերյալ հետևել մի պաշտոնական վստահելի տեղեկատվությանը, այլ ոչ թե «դեղին մամուլին» բնորոշ աղբյուրներից:
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր կարմրուկի վերաբերյալ առողջապահության նախարարի ասուլիսի ժամանակ հանգամանալի կերպով ներկայացվել են վարակի համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները: Ուստի, հորդորում եմ մեկ ամբողջական «փազլում» ՉՀԱՄԱԴՐԵ՛Լ հավաստի-ոչ հավաստի, ստուգված-չստուգված (շարքը շարունակելի) տեղեկատվությունները»,– գրել է նա:
Ըստ նրա՝ վարակիչ հիվանդությունների դեպքում վարակի շղթայում հայտնվածների թիրախավորումն անընդունելի ու անթույլատրելի է: Նախարարությունն էլ շարունակելու է հետևել ճիշտ ժամանակին, թափանցիկ, ամբողջական տեղեկատվություն տրամադրելու քաղաքականությանը:
Հիշեցնենք՝ այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում կարմրուկի վարակով ստեղծված համաճարակային իրավիճակի պարզաբանման համար այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց՝ կարմրուկի վարակվածության առաջին դեպքը ներթափանցել է արտերկրից։
Մինչդեռ ասուլիսից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսաուղերձում նշել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ վարակվածության առաջին դեպքը տարածվել է հիվանդանոցում գտնվող փոքրիկից, որն էլ իր հերթին վարակել է բուժքրոջը, ով պատվաստված չի եղել կարմրուկի դեմ։
--00—ԶՀ