Դատապարտյալներին պատկանող շամպունի տարայի և թազբեհի միջից հայտնաբերվել են թմրանյութի նման զանգվածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1d4da1c8-01f4-4dd4-9af2-b87ee2a2a826.jpg



Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ տեղամասի խցերից մեկում պահվում է թմրանյութին նմանվող զանգված:

Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով մայիսի 16-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, խուզարկություն է իրականացվել նշյալ խցում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում լոգարանի պահարանի վրա դրված շամպունի տարայի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում առկա են եղել առանձնացված 5 փաթեթներ՝ ընդհանուր 2,13 գրամ քաշով, թմրանյութին նմանվող շագանակագույն զանգվածներով: Խցում պահվող ազատազրկված անձինք բանավոր հայտարարել են, որ շամպունն իրենց չի պատկանում։

Ավելի ուշ՝ ժամը 15:15-ի սահմաններում, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել նույն տեղամասի մեկ այլ խցում: Արդյունքում՝ խցում պահվող կալանավորված անձ Օ.Հ.-ի մոտ առկա թզբեհին ամրացված, թաքստոց հանդիսացող մետաղե կախազարդի միջից հայտնաբերվել է թմրանյութին նմանվող, 0,55 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված: Կալանավորված անձը բանավոր հայտարարել է, որ այն պատկանում է իրեն:

Հայտնաբերված բոլոր զանգվածները հանձնվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ԶՀ