ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառները: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա մի տղա նրա վրա նկարել է Հիտլերի բեղեր։ Նրան է վերագրվում նաև պաստառի վրա հայհոյանքներ գրել։ Ոստիկանները պարզել են տղայի ինքնությունը և բերման են ենթարկել։
Դեպքի առնչությամբ անչափահաս տղան ցուցմունք է տվել և ասել, որ բեղերն ինքն է նկարել, բայց պաստառի տարբեր հատվածներում հայհոյանքներ չի գրել։
Նախագահին վիրավորելու մեղադրանքով վերհիշյալ տղան ձերբակալվել և ուղարկվել է Տարսուսի անչափահասների գաղութ։
--00--ԶՀ