ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24news
«2023 թվականի հունիսի 30-ին Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնից, ի պատասխան Թբիլիսիի դատախազության 2023 թվականի մայիսի 16-ին ներկայացված դիմումի, մեզ հայտնեցին, որ Լաշա Արսենիձեի կողմից հայ ազգի հասցեին հնչեցրած բացահայտ սպառնալիքը Վրաստանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում, և մերժում ստացանք նրա նկատմամբ քրեական օրենսգրքով պատիժ նշանակելու»։ Այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստանի հայ համայնքը։
«Տեղեկացնում ենք, որ մենք համաձայն չենք այս որոշման հետ և մտադիր ենք այն բողոքարկել։
Հիշեցնենք, որ միաժամանակ Վրաստանի մասշտաբով շարունակվում է ստորագրահավաքի գործընթացը՝ հայցով դատարան դիմելու խնդրանքով. Լաշա Արսենիձեն նույն սոցիալական ցանցերի միջոցով պետք է ներողություն խնդրի հայ ազգից»,- ասվում է հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպությունը ստորագրահավաք էր սկսել Լաշա Արսենիձեի դեմ, ով տեսանյութ էր հրապարակել, որում վիրավորական արտահայտություներ էր անում Վրաստանում ապրող հայերի մասին: Տեսանյութը լայն տարածում էր ստացել համացանցում:
Վրաստանում ապրող մի խումբ հայեր ստորագրությունով դիմել են «Վրաստանի Հայ համայնք» կազմակերությանը, որպեսզի համարժեք արձագանք տրվի 2023 թվականի մայիսի 14-ին Լաշա Արսենիձեի արածին:
--00—ՍՊ