ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ դիվանագիտական ճանապարհով Լաչինի միջանցքը բացվի, բացի դիվանագիտական ճանապարհից, առայժմ որևէ այլ լուծում չկա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Ասլանյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունն ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հազարանոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները պետք է պաշտպանվեն։ Դիտարկմանը, թե Ադրբեջանը նույնիսկ իր քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախցիների իրավունքները, պատգամավորը նշեց. «Սա 19-րդ դարը չէ, որ իրավունքները չպաշտպանվեն, 21-րդ դարն է, միջազգային հանրությունն արցախցիների ազատ, անկախ ապրելու գարանտը պետք է լինի, այդ հարցում դանդաղ առաջ ենք շարժվում: Այսօր մեր պետականության ռեալ սահմաններն են գծվում, սխալվում են նրանք, ովքեր ասում են՝ առանց Արցախ չկա Հայաստան, ես ասում եմ հակառակը՝ առանց Հայաստանի չկա Արցախ»:
Անդրադառնալով Արցախում ընթացող հանրահավաքներին և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նստացույցին միանալու որոշմանը՝ Ասլանյանը ընդծեց, որ ինքը երբեք նման քայլի չէր գնա, համամիտ է այն մարդկանց հետ, ովքեր քննադատում են նրա այդ քայլը. «Արցախի նախագահը սահմանադրորեն իրավունք չունի նման բան անել, նա երկրի անվտանգության երաշխավորն է: Նստացույց սովորական քաղաքացիները, այլ քաղաքական գործիչները կարող են անել, նախագահն իրավունք չունի, նա կարող է, նստացույց անել միայն հրաժարականից հետո, նա պարտավոր է իր առաջնային պարտականությունները կատարել»: Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ