ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Հայկական կողմի որևէ զիջում ավելի է բարդացնելու իրավիճակը, Արցախում այս իրադրությունը երկար շարունակվել չի կարող։ Հայաստանը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի, քաղաքական կամքի դեպքում բավականին լուրջ գործիքակազմ կա, այլ հարց է՝ կա՞ արդյոք նման կամք: Տպավորություն է, որ հասարակությանը սովորեցնում են այն մտքին, որ Արցախում հայեր չպետք է լինեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«Երեք հարյուր հազար ձայն ստացած ընդդիմությունը Լաչինի միջանցքի բացման պահանջով կարող է հարյուր հազարանոց հանրահավաք կազմակերպել միջազգային հանրության վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար, ինչը քարոզչական առումով մեծ էֆեկտ կունենա: Բայց ընդդիմությունն արձակուրդ է գնացել, բավարարվում է հատուկենտ հայտարարություններով, նրանց թիվ մեկ խնդիրը արցախահայության ճակատագիրը չէ, այլ Հայաստանում իշխանության հասնելն է, եթե որևէ գործողություն այդ նպատակը չի հետապնդում, նրանց համար երկրորդական նշանակություն ունի, մինչդեռ պետք է ստիպել իշխանությանը, որ քայլեր ձեռնարկի:
Ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային լրատվամիջոցների լուսաբանմամբ և Կարմիր խաչի ուղեկցությամբ հումանիտար բեռներով բարձած ուղղաթիռ նստի, գնա Ստեփանակերտ։ Ադրբեջանը դժվար թե համարձակվի հարվածել ուղղաթիռին, եթե անգամ համարձակվի, ապա կշեռքի նժարին 120000 արցախցու կյանքն է, ինքնազոհողության մասին են խոսում, հնարավորություն կա մեղմել շրջափակման հետևանքները»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Անդրադառնալով Աղդամով ճանապարհ տրամադրելու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը՝ Բաղդասարյանը նկատեց, որ եթե Աղդամի ճանապարհը գործի, դա կլինի ինտեգրման առաջին քայլը, որից հետո հայաթափում է լինելու:
«ԵՄ-ն առաջարկում է փուլային ճանապարհով Արցախի հայաթափում, չի կարող Աղդամով ճանապարհ գործել, նման ձևակերպումներ են անում իրենց դեմքը փրկելու համար: Իրենց արտահայտություններն իբր մարդասիրական են, բայց նավթի հոտ է գալիս դրանցից, այլ շահերով են առաջնորդվում, իրենք միշտ են այդպես եղել, պետք չէ մեղադրել, եթե չենք կարողանում համադրել մեր շահերը, ուրեմն խնդիրը մեր մեջ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ